ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում իրադրությունը շարունակում է ողբերգական մնալ, որովհետև չի հաջողվում մարել հրդեհների ամենախոշոր երկու օջախները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ լրագրող, հաղորդավար Վրույր Թադևոսյանը՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է այնտեղ այսօր։ Նրա խոսքով՝ այս պահին հայտնի տվյալներով այրվել են 10 հազարից ավելի շինություններ, այդ թվում՝ մարդկանց բնակարաններ, տներ, դպրոցներ, եկեղեցիներ։ Երեկ նաև Հոլիվուդ Հիլզում է հրդեհ բռնկվել։ Հիմա այն թեպետ մարվել է, սակայն բազմաթիվ հոլիվուդյան հայտնիների տներ են այրվել։
«Հենց հիմա Լոս Անջելեսում հրդեհը շուրջ 117 քառակուսի կմ տարածքով է, իսկ դա Գյումրի քաղաքի 3 չափի տարածք է։ Ամբողջ տեսարանը հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմ, տպավորություն է, որ աչքիդ առաջ աշխարհի ամենաողբերգական ֆիլմն է նկարահանվում։ Վնասի չափերի վերաբերյալ վերջնական տվյալներ չկան, քանի որ հրդեհները դեռ շարունակվում են։ Որոշ տեղեկություններով՝ առնվազն 5 եկեղեցի է այրվել, իսպառ մոխրացել է մոտ 7 դպրոց և 2 խոշոր գրադարան։ Մի շարք անկախ կազմակերպություններ վնասի չափը գնահատում են 135-150 միլիարդ դոլար»,- ասաց Վրույրը։
Արդեն 2 օր է` հրդեհները նաև հայաշատ քաղաքներում են մոլեգնում։ Դրանց հետևանքով օդի բարձր աղտոտվածություն է Գլենդել, Փասադենա քաղաքներում։ Արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև հայ համայնքի ներկայացուցիչներին հրդեհի հետևանքով հասցված վնասների մասին, այրվել ու ոչնչացել են տներ, բիզնեսներ, բայց կրկին՝ վերջնական թիվ չկա։
Հրդեհի հետևանքները Լոս Անջելեսում
© AP Photo / Jae C. Hong
Նշեց՝ ողջ բնակչությունն անորոշ վիճակում է, նրանք, ովքեր տարհանման հրահանգ չեն ստացել, որովհետև ակտիվ կրակի օջախներից հեռու են, հաղորդագրություն են ստացել պատրաստ լինելու տարհանմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Տարհանման հրահանգ է ստացել մոտ 180 հազար բնակիչ։ Ինչ վերաբերում է տարհանման կազմակերպվածությանը, Վրույրի խոսքով՝ այս առումով քննադատությունները բավականին շատ են ինչպես նահանգային, այնպես էլ տեղական մարմինների նկատմամբ։
«Քննադատություններ են հնչում, որ հրդեհին դիմակայելու բավարար պատրաստվածություն չի եղել այն դեպքում, երբ Կալիֆոռնիան անտառային հրդեհների բռնկման շատ բարձր ռիսկային գոտում է։ Բայց երբ ակնհայտ դարձավ, որ հրդեհի հետևանքով 100 հազարավոր մարդ պետք է տարհանեն, արագ ստեղծվեցին ժամանակավոր կացարաններ, գնալու տեղ չունեցողներին ժամանակավոր կացարաններում են տեղավորվել։ Քաղաքային կառավարման մարմինները բավականին կազմակերպված են աշխատում են»,- պատմեց Վրույրը։
Հրդեհի հետևանքները Լոս Անջելեսում
© AP Photo / John Locher
Նրա խոսքով՝ չորեքշաբթի օրը` հունվարի 8–ին, տարհանման հրահանգ ստացան նաև Գլենդելի երկու հատվածների՝ Չևի Չեյս Կանյոնի և Գլենոքս Կանյոնի բնակիչները, սակայն արդեն հինգշաբթի առավոտյան հաղորդագրություն ստացվեց, որ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները։ Գլենդելում էլ, արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին, ստեղծվել է ժամանակավոր կացարան։
«Չորեքշաբթի օրվա դրությամբ կացարանում կար շուրջ 170 բնակիչ, բայց այսօրվա տվյալներով թիվը կրճատվել է, որովհետև մարդիկ տուն վերադառնալու ծանուցում են ստացել»,- ասաց նա։
Հրդեհի հետևանքները Լոս Անջելեսում
© AP Photo / Jae C. Hong
Տարբեր շրջաններ նաև պարբերաբար հոսանքազրկվում են։ «Այս պահին իրավիճակը վերահսկելի չէ հրդեհների մարման առումով, վտանգը րոպե առ րոպե ավելանում է։ Ես հիմա Գլենդելում եմ, այստեղ օդի աղտոտվածության ամենավտանգավոր վիճակն է, համեմատաբար անվտանգ շրջաններում գտնվող բնակիչները հրահանգ ունեն առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ, իսկ դուրս գալու դեպքում N95 դիմակներով լինեն։ Քամին դեռ կա»,- ասաց նա։
Օդի աղտոտվածությունը Լոս Անջելեսում
© AP Photo / Mark J. Terrill
Անտառային հրդեհներին ու տարհանումներին զուգահեռ նաև ակտիվացել են գողերը, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և կողոպտել մարդկանց տները, բնակարանները։ Վրույրի տեղեկություններով՝ արդեն 20 անձի են ձերբակալել, ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Տարբեր քաղաքներում ռեստորաններն ու խանութները գործում են որոշակի ժամերով։ Մարդիկ գնումներ կատարում են այն հաշվարկով, որ անհրաժեշտության դեպքում մի քանի օր կարողանան տնից դուրս չգալ։
«ԱՄՆ ԶԼՄ-ներն իրենց բառապաշարում ասում են՝ լավատես չենք, բայց հուսանք՝ այս ամենը շուտ կավարտվի։ Հրդեհը շարունակվում է ընդարձակվել, հույս ունենք` մինչև ուրբաթ կեսօր կանխել հրդեհների տարածումը։ Բայց այս փուլում որևէ հուսադրող նորություն չկա»,- ասաց նա։
Հրդեհի հետևանքները Լոս Անջելեսում
© AP Photo / Mark J. Terrill
Վրույրի խոսքով՝ այս օրերին մարդկանց անհանգստացնող գլխավոր թեմաներից մեկն էլ ապահովագրությունն է։ «Հայ իրավաբանների միությունը» նախաձեռնել է մի շատ կարևոր աշխատանք․ անվճար խորհրդատվություն է տրամադրում մեր հայրենակիցներին, քանի որ տարբեր ապահովագրական ընկերություններ իրենց պայմանագրերից հանել են «հրդեհի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման» կետը։ Իրավաբանները խորհուրդ են տալիս այս փուլում գոնե ինքնուրույն մաքրման, վերանորոգման և նմանատիպ աշխատանքներ չիրականացնել, քանի որ ապահովագրականների հետ արդեն կա մեծ խնդիր, պարզապես պետք է փաստագրել վնասը՝ լուսա-տեսանկարահանել։
Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի:
Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7–ից բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն