Ծանոթացել են խնդիրներին, զբոսնել տարածքում․ Թադևոսյանը և Մանասյանը «Արմավիր» ՔԿՀ են գնացել

Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և կարիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Նրանք շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։
Թադևոսյանը և Մանասյանը «Արմավիր» ՔԿՀ են այցելել
Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։
Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ։
Շրջայցի ընթացքում քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։
Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ։
Թադևոսյանը և Մանասյանը «Արմավիր» ՔԿՀ են այցելել