ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը պատրաստվում են նման հանդիպման: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք զբաղվում ենք կազմակերպմամբ», – Ֆլորիդայի իր նստավայրում լրագրողներին ասել Է Թրամփը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք եռակողմ հանդիպում իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև, Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ զրույցի և հանդիպման՝ նշելով, որ եթե նման հանդիպում կայանա, ապա երկու նախագահները խոսելու բան կունենան:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 9-ին հայտարարել էր, որ Պուտինի հետ շփումների մասին Թրամփի թիմից հարցումներ չեն եղել, սակայն նպատակահարմար է սպասել նրա պաշտոնը ստանձնելուն: