Հայաստանն Արևմուտքի համար ռազմավարական բեռ է. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Արևմուտքը չի կարող Հայաստանի հարցում ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ հաշվի չառնելով իրանական գործոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանը չի կարող լինել Արևմուտքի դաշնակիցը, Արևմուտքի համար Երևանը ռազմավարական բեռ է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը չի կարող Հայաստանի հարցում ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա, քանի որ կա Իրանի գործոնը։ Քաղաքագետն անդրադարձավ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին տասը կետից բաղկացած փաստաթղթին:
«Թող հրապարակեն փաստաթուղթը և ցույց տան, թե որտեղ են գրված ադրբեջանական ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ի ռազմական միջամտության պարտավորությունները։ Այնտեղ նման բան չկա, միակ բանը, որ անվտանգային ոլորտում խոստանում են մեզ, բանակի արդիականացումն է, համատեղ զորավարժությունների անցկացումը և ոչ ավելին»,- ասաց նա։
Սուրենյանցի խոսքով` ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի զբաղվելու մեր տարածաշրջանով, հիշեցրեց` նա 3 անգամ այս 10 օրվա ընթացքում ասել է` իմ ընկեր Էրդողանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստում են հանդիպում ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի քննարկման համար:
Նա նշել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարական երկխոսության մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ալիևի հայտարարությունները պատերազմի անոնս են․ Սուրենյանց