ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է փաստաբան Արսեն Բաբայանին և իր ընկերներին։ Այս մասին Բաբայանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները»,- գրել է փաստաբանը:
Նա նշել է նաև, որ իրենց տանում են քրեական ոստիկանություն։
Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնել է, որ նրանք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ազատ է արձակել Արսեն Բաբայանին, նրան ապօրինի զենք պահելու մեջ չեն կասկածում։
Հիշեցնենք, որ փաստաբան, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին նախկինում ձերբակալել են նաև 2019 թվականին՝ 22 օր նա ազատազրկված է եղել։ Այդ ժամանակ նա ձերբակալվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Նոյեմբերի 12-ին Բաբայանն ազատ արձակվեց: Նրա ազատության համար երաշխավորել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։