Չեմ կարծում, թե իրավական վեճերը կարող են խանգարել խաղաղությանը. Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյան
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նա Ալիևին առաջարկում էր փոխադարձաբար հրաժարվել միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում ներկայացված պահանջներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի կարծում, թե իրավական վեճերը կարող են խանգարել երկրներին խաղաղության հաստատման ճանապարհին։ Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ինչ-որ տեղ իրավական վեճերի իմաստը նաև խաղաղության հաստատումն է։ Եթե պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ միջազգային հիմքով նշված ճանապարհով, դա նաև նշանակում է ուժի կիրառում բացառել, պատերազմ կանխարգելել և այլն»,- ասաց Կիրակոսյանը։
Նա չցանկացավ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նա առաջարկում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխադարձաբար հրաժարվել միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում ներկայացված պահանջներից։
«Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ-ի նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաև «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի պրեամբուլայի վրա, միտված է պատերազմը կանխարգելելու»,- շեշտեց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ միջազգային արդարադատության ամբողջ մեխանիզմը հիմնված է, ըստ էության, խաղաղության ամրապնդման տրամաբանության և փիլիսոփայության վրա։ Կիրակոսյանը շեշտեց՝ միջազգային դատարաններ վեճ տանելը նաև պետության ինքնիշխանության դրսևորման կարևորագույն եղանակ է։
Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել։ Իսկ այսօր նա սոցցանցերում հրապարակեց իր առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։