«Անվերապահ ազատում». ԱՄՆ դատարանը կեղծիքի գործով Թրամփին ազատել է պատասխանատվությունից

Մեղադրական դատավճիռը կմնա ուժի մեջ, սակայն գործն ինքնին կարճվում է առանց պատիժ նշանակելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ազատել է գործարար փաստաթղթերի կեղծման մեղադրանքով պատասխանատվությունից՝ ուժի մեջ թողնելով միայն ձևական դատվածությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահին ես ընդունում եմ տվյալ դատավճիռը (անվերապահ ազատումը - խմբ.) մեղադրանքի բոլոր 34 կետերով», - ասել է դատավորը:
«Անվերապահ ազատումը» ենթադրում է, որ մեղադրական դատավճիռը ուժի մեջ կմնա, բայց գործն ինքնին կարճվում է առանց պատիժ նշանակելու, այսինքն՝ Թրամփին ո'չ բանտ է սպառնում, ո'չ էլ տուգանք: Թրամփն այս դեպքում կդառնա առաջին դատապարտված նախագահը, ճիշտ է՝ «անվերապահ ազատված»։
Նշենք, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահն անցնում էր գործարար փաստաթղթերի կեղծման գործով՝ վարկաբեկող տեղեկությունները թաքցնելու համար վճարումներ կատարելիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2 կանանց վճարումների հետ կապված 34 կեղծիքի համար՝ իրենց ենթադրյալ կապի մասին լռելու համար: Առաջադրված մեղադրանքների համակցությամբ առավելագույն հնարավոր պատիժը կարող էր կազմել ընդհանուր առմամբ 136 տարվա ազատազրկում։