Փաշինյանին թվում է, թե այսպիսի պատասխաններով կարող է բալանսավորել Ալիևին. Երվանդ Բոզոյան

Sputnik
Փաշինյանին թվում է, թե այսպիսի պատասխաններով կարող է բալանսավորել Ալիևին. Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը ՀՀ–ից հնչող արձագանքները։
«Մինչդեռ, նման արձագանքները ուղղակի ծաղրանք են առաջացնում միջազգային հարթակներում։ Բոլորն արձանագրում են, որ Հայաստանը ներկայացված է մի մարդու կողմից, ով տարրական պատկերացումներ չունի քաղաքականության մասին»,– ասել է Բոզոյանը։
Հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում Ալիևը Հայաստանն անվանել էր «Արևմտյան Ադրբեջան» և պնդել, որ 300 000 արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց պատմական հողերը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ալիևի հայտարարությունը որակել էր որպես Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարում և տարածքային պահանջ։
Մեկ օր անց խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում յուրովի զուգահեռներ անցկացնելով «Արևմտյան Ադրբեջան» «Արևմտյան Հայաստան» տեղանունների միջև։
Ըստ Փաշինյանի` Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն ու Զանգելանը: «Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան»,– գրելէ Փաշինյանը։
Իսկ Արեւմտյան Հայաստանը, նրա մեկնաբանմամբ, Արմավիրն է, Թալինը, Մարալիկը, սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:
Տարածաշրջանում երկարատեւ կայունություն ու խաղաղություն հաստատելու համար Փաշինյանն Ալիևին առաջարկում է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը և կնքել Խաղաղության պայմանագիր, նաև` լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ը: