Ծաղիկներ են խոնարհվել Փարաջանովի հիշատակին․ այսօր ժողովրդավարական արտիստի ծննդյան օրն է

Փարաջանովի շիրիմը
Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է 3 նոր թատերական ներկայացում, որոնցից երկուսի հիման վրա հայ-ֆրանսիական համագործակցությամբ նկարահանվել են ֆիլմեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվել։
«Ստեղծվել է 3 նոր թատերական ներկայացում, որոնցից երկուսի հիման վրա հայ-ֆրանսիական համագործակցությամբ նկարահանվել են ֆիլմեր, նաև անցկացվել են ցուցադրություններ, գիտաժողովներ և այլն: Պետությունը ջանքեր չի խնայել առավելագույնս հանրահռչակելու Փարաջանովի արվեստը թե՛ ՀՀ ամբողջ տարածքում, թե՛ արտասահմանում»,- ասել է Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ նշել է, որ Փարաջանովի թանգարանը ամենաայցելվող թանգարաններից է: Ընդգծել է՝ չեն սահմանափակվելու հոբելյանական տարով, և ծրագրերը կլինեն շարունակական։