Ռազմական սպառնալիք է ՌԴ–ի համար. Կարտապոլովը՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին

Անդրեյ Կարտապոլով
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Գրենլանդիայի հնարավոր միացումը ԱՄՆ-ին ռազմական սպառնալիք է ՌԴ-ի համար, քանի որ հիպոթետիկ միջմայրցամաքային բախման դեպքում այն կարող է պլացդարմ դառնալ ԱՄՆ-ի համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
«Իհարկե, սպառնալիք է։ Քանի որ Գրենլանդիան շատ մեծ տեղ է զբաղեցնում Արկտիկայում՝ ուղիղ ելք ստեղծելով դեպի այնտեղ, այդ պատճառով դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Աշխարհում անհնարին ոչինչ չկա, և միջմայրցամաքային ապագա հիպոթետիկ բախման դեպքում դա լավ պլացդարմ է Ամերիկայի համար», - ասել է Կարտապոլովը։
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա, և ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն իր հերթին հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի: