ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արտատարածաշրջանային և օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է կայունության հաստատմանը և չի նպաստում խնդիրների լուծմանը։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Ահմադիանն ընդգծել է, որ խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն տարածաշրջանի երկրների աջակցությամբ և համագործակցությամբ:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում ընդգծել են երկու երկրների պատմական կապերը, ժողովուրդների փոխգործակցության խորությունը տարբեր ոլորտներում։ Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և պաշտպանական համակողմանի հարաբերությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Փաշինյանն ու Ահմադիանը կարևորել են նաև համագործակցությունը նոր ոլորտներում, օրինակ, նավթավերամշակման գործարանների կառուցումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է «Հյուսիս-հարավ» միջանցքում առավել մեծ մասնակցության և համագործակցության հարցերով։
Նշենք, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքու այցելությունից հետո, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ահմադիանն այսօր առավոտյան հանդիպել է հայ պաշտոնակից Արմեն Գրիգորյանի հետ, այնուհետև Ահմադիանին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։