Դեռ Սպիտակ տուն չվերադարձած՝ նորընտիր նախագահն արդեն հաղթանակներ է տոնում։ Մոտ 10 տարի առաջ՝ 2016 թվականին, երբ Դոնալդ Թրամփն առաջին անգամ պայքարում էր Օվալաձև կաբինետի աթոռի համար, «Ֆեյսբուքի» ղեկավարությունը տեղեկացրեց, թե փաստերի ստուգման համակարգ է մտցնում, քանի որ վստահ չէ, որ հանրապետական թեկնածուի և նրա թիմի անդամների բոլոր պնդումները և գրառումները համապատասխանում են իրականությանը։
Այս շաբաթ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց՝ հանում ենք այսպես կոչված ֆակտչեկինգը, այսինքն` փաստերի ստուգման համակարգը նաև այն պատճառով, որ այն գրաքննության տարրեր է պարունակում։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան ավելի ուշ։ Ախր, այդ ֆակտչեկինգը բազմաթիվ վտանգներ է պարունակում։
Օրինակ` «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության անցած տարվա ցուցակում Հայաստանը հրաշալի ցուցանիշ ունի և զբաղեցնում է 43-րդ տեղը, այնինչ Վրաստանը՝103-րդ, Ադրբեջանը՝164-րդ, Թուրքիան՝ 158-րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են: Այսինքն` ինչպես ժողովուրդն է ասում, տվել-անցել ենք հարևաններից։ Մյուս կողմից` մեր այս նվաճումով հպարտացող իշխանությունների հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Երևանի քաղաքապետը, հենց վերջերս առանց այլևայլության «աղբանոց» է անվանել մեդիաբնագավառը, որտեղ մենք՝ լրագրողներս, աշխատում ենք։ Հիմա, կներեք, ո՞րն է փաստը՝ այն, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են մամուլի ազատությունն ապահովելո՞ւ համար, թե՞ այն, որ նրանք զզվում ու ինչ ասես ասում են մամուլի մասին։
Իհարկե, Հայաստանի իշխանությունները կարող են շատ հանգիստ հակադարձել՝ միայն մենք չենք, որ մեղմ ասած համակրանք չենք տածում մեդիայի ու սոցցանցերի հանդեպ։ Դեռ մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա մարտին, Դոնալդ Թրամփը «ժողովրդի թշնամի» էր անվանում «Ֆեյսբուքը»։ Բայց ժամանակները շատ արագ են փոխվում. այսօր ոչ միայն Մարկ Ցուկերբերգն է հրաժարվում անտեղի վերահսկողությունից, այլև մեկ այլ մեծահարուստ՝ Իլոն Մասկը, գնել է մյուս հայտնի սոցիալական ցանցը՝ «Թվիթերը», որը ժամանակին պարզապես փակել էր Դոնալդ Թրամփի օգտահաշիվը՝ արգելելով նրան ընդհանրապես որևէ բան գրել այդ ցանցում։ Եվ սա, ինչպես ասում են գովազդային հոլովակներում, դեռ ամենը չէ։ «Ֆեյսբուքի» ղեկավարը մտադիր է իրեն չարդարացրած ֆակտչեկինգը փոխարինել այսպես կոչված «հանրային ծանոթագրությունների» համակարգով, որը գործում է Մասկին պատկանող X-ում՝ նախկին «Թվիթերում»։
Այս համակարգն իրոք շատ ավելի դեմոկրատական է, որովհետև ապահովում է բազմակարծությունը։ Ընդամենը մի օրինակ բերեմ նախկին մեթոդից, որը քաջ ծանոթ է հայաստանցիներին։ Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Ես իշխանությունների կողմնակիցն եմ, հասկանալի է, չէ՞, ինչ եմ անում՝ տեղադրում եմ անօդաչու սարքի միջոցով ստացված լուսանկարը, որն արված էր դեռ այն ժամանակ, երբ հանրահավաքը նոր էր սկսվել, ու գրում եմ՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցել է ընդամենը 2400 մարդ։ Եվ հակառակը՝ ես ընդդիմության կողմնակիցն եմ, սպասում եմ այնքան ժամանակ, մինչև հրապարակում արդեն ասեղ գցելու տեղ չկա, դրոնից լուսանկարում եմ և փաստում, որ հանրահավաքին մասնակցել է 10 անգամ շատ՝ մոտ 25 հազար մարդ։ Ահա այսպիսի ֆակտչեկինգ՝ քաղաքական թեքումով։
Իսկ «հանրային ծանոթագրությունների» համակարգը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ ցանկացած գրառման տակ տեղադրել սեփական տեղեկությունը, որը կարող է հերքել կամ լրացնել նախորդ գրառումը։ Լրատվամիջոցներից մեկն այսպիսի օրինակներ է բերում։ Օգտատերը գրել է. «Ամերիկայում ստրկության պահպանման կողմնակիցները 19-դարի կեսերին ստեղծեցին աշխարհում ամենահզոր բանակը»։ Մեկ այլ օգտատեր լրացնում է. «Կոնֆեդերատների բանակը մասնակցել է ընդամենը մեկ պատերազմի և կատարյալ պարտություն է կրել»։ Այլ օրինակ բերե՞մ։ Խնդրեմ։ Սոցցանցի օգտատերը գրել է. «Աստված մի կաթիլ ալկոհոլ չի ստեղծել, բնությունը մի կաթիլ ալկոհոլ չի ստեղծել, ալկոհոլի 100 տոկոսը ստեղծել են բարոյազուրկ սրիկաները»։ Մեկ այլ օգտատեր հիշեցնում է. «Հիսուս Քրիստոսը ջուրը վերածեց գինու»։
Այնպես որ երևի կարելի է համաձայնել այն մասնագետների հետ, որոնք պնդում են` ֆակտչեկինգից և այլ սահմանափակումներից հրաժարվելու՝ Մարկ Ցուկերբերգի որոշումը բավական դրական է, միգուցե ի վերջո կգա այն օրը, երբ հանգիստ կկարողանանք մեր էջերում տեղադրել Մոնթե Մելքոնյանի լուսանկարը՝ առանց պատժվելու դրա համար։ Ու նաև անկեղծ խոստովանեմ՝ հերթական անգամ իշխանության ներկայացուցիչներից լսելով նույն հորդորն այն մասին, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել բոլոր փաստերը, կամ այդ նույն իշխանությունների հայտնի կարգախոսը՝ «Կրթվելը նորաձև է», միշտ հիշում եմ «Փինք Ֆլոյդ»-ի դասական երգը՝ «We don't need no education / We don't need no thought control», այսինքն՝ զբաղվեք ձե՛ր գործով, հա՞, մի՛ փորձեք լվանալ մարդկանց ուղեղները, իսկ իմ սեփական կրթության մասին, կներեք, ես ինքս կհոգամ…