Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները մեկ օրում ոչնչացրել են մոտ 22 քառակուսի մղոն (57 քառակուսի կիլոմետր) տարածք, ծուխն ու մոխիրը հասել են արևելքում ու հարավում գտնվող բնակավայրեր, Հոլիվուդի բլուրներ։ Տարբեր գնահատականներով՝ շուրջ 130 հազար մարդ ենթակա է տարհանման։
Արտակարգ իրավիճակներին արձագանքող հրշեջների տվյալներով՝ հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ հրդեհները դեռ չեն մեկուսացվել, զոհերի թիվն էլ կարող է աճել: Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։
Լոս Անջելեսի արևմտյան հատվածում` Մալիբուում, հայտնի անձանց տներն են գտնվում։
Լոս Անջելեսի կենտրոնից դեպի արևմուտք հրդեհը հողին է հավասարեցրել Փսիֆիք Փալիսեյդս շրջանի թաղամասերը՝ ավերելով ավելի քան 1000 շինություն, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր Էնթոնի Հոփքինսի, Թոմ Հենքսի, Մարկ Հեմիլի, Ադամ Բրոուդիի, Սփենսեր Փրատի, Ջեյմս Վուդսի, Փերիս Հիլթոնի և Լեոնարդո Դի Կապրիոյի տները։
«Սիրտս կոտրված է: Ընտանիքի հետ նստել, լուրերը դիտել և ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես է երազանքիդ տունն այրվում, դա այն է, ինչ ոչ ոք երբեք չպետք է ապրի: Այդ տան հետ կապված այնքան թանկ հիշողություններ կան: Հենց այստեղ է Ֆենիքսն իր առաջին քայլերն արել, և մենք երազում էինք, որ Լոնդոնը բազում հիշարժան հիշողություններ կունենա այս վայրում»,- գրել է Փերիս Հիլթոնը X սոցցանցում։
«Reuters»-ը գրում է, որ անտառային հրդեհների վնասը նախնական գնահատվում է 52-57 մլրդ դոլար։
Ավելի վաղ Բայդենը Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ էր հայտարարել։
Փասադենայի տուժած շրջաններից մեկում, հրշեջ ծառայության ղեկավար Չադ Օգուստինի գնահատականներով, հրդեհի և սաստիկ քամիների հետևանքով մինչև 500 շինություն է վնասվել կամ այրվել: Այրվել է նաև 1980 թվականին հիմնադրված «Սահակ-Մեսրոպ» հայկական վարժարանը։
Դոնալդ Թրամփ կրտսերը Լոս Անջելեսի հրդեհի տարածումը կապել է Ուկրաինային տրամադրված ամերիկյան օգնության հետ։
X սոցցանցում նա հոդվածների վերնագրեր է հրապարակել, որոնցում ասվում է, որ քաղաքի հրշեջ ծառայության կողմից տեխնիկա է փոխանցվել Ուկրաինային։
«Օյ, լսե՛ք, Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը իր պաշարներից բավական մեծ թվով սարքեր է նվիրաբերել Ուկրաինային»,- գրել է նա։
«Truth Social» սոցցանցում ավագ Թրամփը դժգոհել է արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ոլորտում Բայդենի քաղաքականությունից. «Հրշեջ հիդրանտներն առանց ջրի են, Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը` առանց փողի: Ահա թե ինչ է ինձ թողնում Ջո Բայդենը: Շնորհակալություն, Ջո»: