ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ «Ֆաշիզմ» ասելով Ալիևը նկատի ունի ոչ միայն ՀՀ 30 տարվա ղեկավարներին, այլև Անկախության հռչակագրի ու Սահմանադրության վրա հիմնված ողջ հանրային ու պետական համակարգը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, որը սպառնալիք է տարածաշրջանի համար, և որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` Ալիևի այս հայտարարության նպատակն է իրականացնել Հայաստանի ադրբեջանականացման ծրագիրը։
«Մինչ այդ Ադրբեջանը նման վարկաբեկող ու վիրավորական արտահայտություններ անում էր Արցախի նկատմամբ, հիմա արդեն Հայաստանի։ Նպատակը շատ պարզ է. Ալիևը փորձում է դրանով լեգիտիմացնել իր կողմից սպասվող ագրեսիան ՀՀ–ի նկատմամբ և Նիկոլ Փաշինյանից ուղղակի պահանջում է վերացնել Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը, նաև` ՀՀ–ի ազգային ինքնությունը, ազգային նկարագիրը»,– նշեց Շարմազանովը` չբացառելով, որ Ալիևի հռչակած «ֆաշիստական Հայաստանն» ու Փաշինյանի հռչակած «պատմական Հայաստանը» փոխհամաձայնեցված գործընթացի մի մասն են։
«Ալիևը «ֆաշիստական Հայաստան» ասելով նկատի ունի 1989թ–ի դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի վերամիավորման փաստաթուղթը, 1990թ–ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, Հայաստանի Սահմանադրության որոշ դրույթներ և ի վերջո հայկական պետականության ազգային նկարագիրը։ Նույնաբովանդակ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես նա Ալիևի տված «ֆաշիստական Հայաստան» որակման փոխարեն ասում է`«պատմական Հայաստան»։ Հիմա Ալիևը ուղղակի Փաշինյանին ասում է` «կա՛մ դու կվերացնես այդ գաղափարաբանական հիմքերը, կա՛մ ես։ Կա՛մ դու կկատարես քո խոստումը, այսինքն` ՀՀ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կվերացնես ու կընդունես նոր Սահմանադրություն, կհրաժարվես Հայաստանի 30-ամյա գաղափարական բովանդակությունից ու ժառանգությունից, կա՛մ ես դա ագրեսիայով կիրականացնեմ»,– մեկնաբանեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Ալիևի սպառնալիք–պահանջի մեջ, բացի օրենսդրական ու գաղափարական փոփոխություններից, Էդուարդ Շարմազանովը առանձնացնում է մեկ պահանջ ևս` «խաղից դուրս» հռչակել ՀՀ ազգային–պետական բոլոր այն ուժերին, որոնք 30 տարի, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին ու Ղարաբաղյան շարժման գաղափարաբանությանը, կառուցել են Հայաստանի 3-րդ անկախ հանրապետությունը։
Նշենք, որ Ալիևի հայտարարությունից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսի» միջոցով արձագանքել էր Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հռետորաբանությանը։ Նրա խոսքով` Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել` հաշվարկով, թե Երևանից ի պատասխան կհնչեն ագրեսիվ պատասխաններ, բայց պաշտոնական Երևանը նախընտրում է խաղաղության օրակարգն առաջ մղել։