Զելենսկին որոշել է 2-րդ անգամ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում. ԶԼՄ

Լուրը պաշտոնապես չի հաստատվել և չի հերքվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին որոշել է 2-րդ անգամ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, բայց պայմանով, որ Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին իր թեկնածությունը չի առաջադրի։ Տեղեկությունը հայտնում է ուկրաինական «Տելեգրաֆ» լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինական «Ստրանա» պարբերականը դեռ 2024 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ Զելենսկու գրասենյակը փորձում է Զալուժնիին համոզել ընտրությունների դեպքում չառաջադրվել, իսկ մասնակցելու դեպքում` միայն գլխավորել «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակը։
«Զելենսկու շրջապատից հայտնեցին, որ երկրորդ ժամկետով առաջադրվելու մասին որոշումն ընդունվել է։ Նա 52% վստահության մակարդակով հաղթելու հնարավորություն դեռ ունի», - գրում է «Տելեգրաֆը»։
Լրատվամիջոցի զրուցակիցները միաժամանակ հայտնել են, որ Զելենսկին կառաջադրվի միայն այն դեպքում, եթե չառաջադրվի Զալուժնին։ Ըստ ԶԼՄ–ի` Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնիսկ առաջարկ է ներկայացրել Զալուժնիին` եթե նա չառաջադրի իր թեկնածությունը և ընտրություններում աջակցի Զելենսկուն, կստանա կուսակցության ցուցակի առաջին տեղը և խորհրդարանի խոսնակի աթոռը։ «Տելեգրաֆի» տեղեկություններով՝ Զալուժնին վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Հիշեցնենք` Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվեց նախորդ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվեցին՝ հիմք ընդունելով ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը։ Զելենսկին հայտարարեց` հիմա ընտրությունների ժամանակը չէ։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է ու Ռադայի խոսնակը։ Նրա խոսքով` եթե Ուկրաինայում ցանկանան լեգիտիմ նախագահ ընտրել, ապա պիտի չեղարկեն ռազմական դրության մասին օրենքը. դրա գործողությունը չի նշանակում անցած ընտրությունների արդյունքների երկարաձգում, քանի որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այդ մասին։
Զելենսկին պաշտոնից ազատել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչին