ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ–ի հրշեջ ծառայության երկու աշխատակից է զոհվել Էնգելսի արդյունաբերական ձեռնարկությունում բռնկված հրդեհը վերացնելու ընթացքում, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը իր Telegram-ալիքում:
«ԱԹՍ-ների հարձակման ենթարկված արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհի տարածքի մեծացման պատճառով Էնգելսում արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի։ Առողջապահության նախարարին հանձնարարվել է բժշկական օգնության ցուցաբերումը պահել հատուկ հսկողության տակ»,-գրել է մարզպետը:
Բուսարգինը հավելել է, որ ամբողջ օրվա ընթացքում Էնգելսում հրդեհի շրջանում օդի նմուշներ են վերցնում «Ռոսպոտրեբնադզորի» վարչության մասնագետները, աղտոտող նյութերի ավելցուկ չի արձանագրվել:
Մարզպետը նշել է, որ Էնգելսի արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհի հետևանքով բնակելի շենքերին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: