Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին խոսում էինք այն ժամանակ, երբ այնտեղ դեռ հայեր էին ապրում․Միրզոյան

Sputnik
«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան։ Հայաստանի իշխանությունները 2020 թվականի պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում և որոշակի իրավունքներով օժտված լինի»․-այսօր հրավիրված ասուլիսում նշել է արտգործնախարար Միրզոյանը։
Ըստ նախարարի` արցախցիների վերադարձի կամ այնտեղ մնալու մասին Հայաստանի իշխանությունները խոսում էին այն ժամանակ, երբ հայերն ապրում էին այնտեղ։
«Ի՞նչ պայմաններով վերադարձի մասին է խոսքը` ինքնորոշված ինքնավարության կազմո՞ւմ, թե՞ ուղղակի Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ նաև Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք նաև դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։ Ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»․-արցախահայերի վերադարձի մասին հավելել է նախարարը։
Նրա խոսքով` այսօր Հայաստանի իշխանությունների գերխնդիրն է հոգալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները։