Դեկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։
Փաշինյանը նշել էր, թե պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները և սպասում է իր գրառումը վիճարկող նախագահների արձագանքին։
Հայաստանի նախկին նախագահները Փաշինյանի հրավերը չընդունեցին։
Բանավիճելու պատրաստակամություն հայտնեց արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` Փաշինյանի գրառումը որակելով որպես սեփական մեղքերը քավելու և սխալներն արդարացնելու դրսևորում։ Բայց այս դեպքում էլ Փաշինյանը հրաժարվեց նախկին նախարարի հետ բանավեճից։
Ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց Արցախյան բանակցային պրոցեի շուրջ բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը։
Քոչարյանի որդին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր պատասխանել է լրագրողների այս հարցադրմանը՝ ասելով․ «Բանավեճի մեջ մտնելով՝ կարող էր թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշել է, որ, եթե Փաշինյանը Օսկանյանի հետ չի բանավիճել՝ մտածելով, թե իր մակարդակը չէ, կարող էր իր փոխարեն Արարատ Միրզոյանին ուղարկել։