Վրաստանում առևանգված ռուսաստանցուն մահացած են գտել Նակրա գետում. ՆԳՆ

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Վրաստանում առևանգված Ռուսաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է Մեստիա մունիցիպալիտետի Նակրա գետում: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հունվարի 5-ին չարագործները կողոպտել են Զուգդիդիից Մեստիա մեկնող երկու օտարերկրյա քաղաքացիների։ Նրանք հափշտակել են բջջային հեռախոսները, իսկ տուժածներից մեկին՝ 1986թ. ծնված Վ. Ս. -ին, գնդակահարել են: Հանցագործությունը թաքցնելու համար չարագործները հետագայում մարմինը նետել են գետը և փախել։
«Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալներին», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ հասանելիություն է ստացել տուժած կնոջ ցուցմունքներին, որում ասվում է, որ հարձակվողները ցանկացել են առևանգել նրան, սակայն ամուսինը դիմադրություն է ցույց տվել: Արդյունքում նրա վրա կրակ են բացել։