ՌԴ-ի հետ պայմանագիրը ներառում է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանն ու Իրանն ավելի վաղ համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կարևոր մասը պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունն է։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության պայմանագիրն ունի տարբեր ասպեկտներ։ Դրա կարևոր բաղադրիչը առևտրատնտեսական և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության հարցերն են», - Բաղայիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ռուսաստանն ու Իրանն ավելի վաղ համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք և այցի ընթացքում կստորագրի պայմանագիր։ Այն կոչված է փոխարինելու երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին այս պահին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է Մոսկվայում դեռևս 2001 թվականին: