ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` երթևեկությունը սահմանփակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–ասաց Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լարսի ճանապարհը երկու ուղղությամբ փակ է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: