Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացողները նույնականացվել են և հայտնաբերվել. ՊՆ խոսնակ

Նշենք, որ համացանցում 2 տեսանյութ է տարածվում, որոնցից մեկն առհասարակ կապ չունի դեպքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինծառայողների շիրմաքարերից, ծաղիկներ գողացող անձանց ՊՆ ռազմական ոստիկանությունն արդեն հայտնաբերել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ համացանցում սկսել է մի տեսանյութ տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են 2 անձ վերցնում շիրմաքարի տեղադրված ծաղիկները։ Սա հնարավոր է եղել իմանալ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ծնողների տեղադրած տեսախցիկների միջոցով։ Տեսանյութում նաև լսվում է, որ անձանցից մեկը մյուսին հրահանգում է վերցնել ծաղիկները, մյուսը` վերցնում։ Ծաղիկները գողացել են հունվարի 2-ին՝ զոհված զինծառայող Գոռ Ասատրյանի գերեզմանի մոտից։
«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասաց Թորոսյանը։
Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
Նշենք, որ սոցցանցերում ևս մեկ տեսանյութ է տարածվում, որտեղ մի տղամարդ մեկ այլ գերեզմանից է ծաղիկներ վերցնում, սակայն պաշտպանության նախարարությունից վստահեցնում են՝ դա սխալ տեսանյութ է ու այս դեպքի հետ որևէ առնչություն չունի։