ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինծառայողների շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ համացանցում սկսել է մի տեսանյութ տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են 2 անձ վերցնում շիրմաքարին տեղադրված ծաղիկները։ Տեսագրությունն արվել է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ծնողների տեղադրած տեսախցիկների միջոցով։ Տեսանյութում լսվում է, որ տղամարդկանցից մեկը մյուսին հրահանգում է վերցնել ծաղիկները, մյուսն էլ վերցնում է դրանք։ Ծաղիկները գողացել են հունվարի 2-ին՝ Գոռ Ասատրյանի գերեզմանի մոտից։
«Քննչական կոմիտեում հունվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»,- ասաց Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն արդեն նույնականացրել և հայտնաբերել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրիմների մոտից ծաղիկներ գողացող անձանց։ Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։