Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցել Արևմուտքի հետ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին . Արխիվային լուսանկար
Ավելի վաղ պաշտոնաթող ամերիկացի դիվանագետը գրել էր մոտ ժամանակներս Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Իրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք պետք է հանգեցնեն համաձայնության։ Այս մասին հայտարարել Է երկրի ԱԳ նախարար Աբաս Արաղչին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ժամանակին ԱՄՆ-ի դուրս գալը միջուկային գործարքից ռազմավարական սխալ էր։ Այսօր Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարելնույն այն բանաձևի շուրջ, ինչ նախորդն էր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այսինքն՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդում՝ պատժամիջոցների վերացման դիմաց»։
Նախարարն ընդգծել է, որ Իրանը կատարել է միջուկային գործարքի իր մասը, սակայն հենց ԱՄՆ-ն է որոշել դուրս գալ դրանից առանց որևէ պատճառի կամ արդարացման:
Արաղչին հայտնել է, որ արդեն կայացել է եվրոպական երեք երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) հետ բանակցությունների առաջին փուլը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ փուլն անցկացնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա կարծիքով, նոր կառավարությունը պետք է ձևակերպի իր քաղաքականությունը, և Թեհրանը որոշում կկայացնի դրա հիման վրա։
Օրերս Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացի նախկին տեղակալ Ռիչարդ Նեֆյուն իր հոդվածներից մեկում գրել էր, որ ԱՄՆ-ն շուտով կարող է հարձակվել Իրանի վրա, եթե նրանց չհաջողվի արագ արդյունքի հասնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բանակցություններում։
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Թրամփի նախագահության օրոք`2018-ի մայիսին, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից։