Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

Տիրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Այսօր առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան»,–հայտնեց նա։
Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
Քննչական կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ կա ձերբակալված անձ, կատարվում են դատավարական և վարույթային գործողություններ։
Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, ով կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։
ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի․ Տիրան Խաչատրյանը` սահմանազատման մասին