ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Վրաստանի իշխանությունները մտադիր են արտաքսել 2024թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին հակակառավարական ակցիաներին և անկարգություններին մասնակցած 25 օտարերկրացու։
Նրանցից արդեն 10 մարդ է արտաքսվել երկրից, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Ընդ որում, նշված չէ, թե որ երկրների քաղաքացիներ են արտաքսման ենթակա անձինք։ Ընդհանուր առմամբ, 2024-ի վերջին երկու ամիսներին երկիրը պարտավորեցրել են լքել 91 օտարերկրացիների։
«ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի արտաքսման ընթացակարգերում ընդգրկված անձանց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, որոնք մասնակցել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաներին, և որոնց դատարանը տարբեր վարչական պատիժներ է նշանակել՝ ընդհանուր 25 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից։
Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են 2024–ի նոյեմբերի 28-ին՝ ի պատասխան իշխանությունների որոշման ՝ մինչև 2028-ը օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների անցկացումը: Թբիլիսիում դրանք համակարգված և մասշտաբային բնույթ են ստացել։