Հարբած վարորդը ՃՏՊ-ից հետո վարորդական կեղծ վկայական է ցույց տվել պարեկին, կաշառք առաջարկել

47-ամյա տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ոչ սթափ վիճակում գտնվող 47-ամյա տղամարդը Երևանի Կոմիտասի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարից հետո վարորդական իրավունքի 2 վկայական է ցույց տվել պարեկներին, որոնցից մեկը կեղծ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին։
«Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար: Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- ասված է հաղորդագրությունում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Երևանում երթուղային «Գազելը» հարբած վիճակում վարած վարորդը հեռացվել է աշխատանքից