ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ ողջ տարածքում ամանորյա օրերին 259 վարորդ է հայտնաբերվել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև գրանցվել է 40 ՃՏՊ։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ոչ սթափ վիճակում գտնվող 259 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 40 վարորդ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Բացի այդ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 107 տրանսպորտային միջոց։ Հանրապետությունում գրանցվել է 40 ՃՏՊ, ինչի հետևանքով 80 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհեր չեն եղել»,- նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նույն ժամանակահատվածում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 18 դեպք, 1 անձ էլ ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար։
Անդրադառնալով ՆԳՆ փրկարար ծառայությունում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն արձանագրված միջադեպերին՝ Սարգսյանը շեշտեց, որ եղանակային տարբեր գործոններով պայմանավորված` տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք է գրանցվել։
Բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ:
Արգելափակման դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում: