ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 3 տուժածների ինքնությունը հայտնի է, նրանցից երկուսն ազգությամբ իրանցիներ են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել, ըստ նախնական տվյալների` պիրատեխնիկա էր այրվում։
«Պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել։ Այդ ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ խախտել է հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, ինչի հետևանքով զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են և հրդեհ է բռնկվել։ Պայթյունի և հրդեհի հետևանքով Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրում է կայքը։
Բոլոր տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ տուժածներից 2-ի վիճակը միջին ծանրության է, իսկ մեկինը՝ բավարար։ Նշել էին նաև, որ այդ պահի դրությամբ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը բժիշկների հսկողության տակ են։
Հավելենք, որ պահեստում 12։40-ի սահմաններում բռնկված հրդեհը մեկուսացվել է 14։24-ին, մարվել՝ 16։18-ին։