Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից տուժածների թիվը հասել է 3-ի․ ի՞նչ վիճակում են նրանք

Բոլոր տուժածները գտնվում են հիվանդանոցում և բժիշկների հսկողության տակ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհից տուժել է 3 անձ, նրանցից որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ–ից հայտնել էին 2 տուժածի մասին, ապա ՆԳՆ–ն հաղորդեց, որ տուժածները 3–ն են։
«Տուժած 3 անձից 2-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար։ Այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը բժիշկների հսկողության տակ են»,- ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհը բռնկվել է հունվարի 3-ին, ժամը 12։40-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալների` պիրատեխնիկա է այրվում։ Ժամը 14։24-ին հրդեհը մեկուսացվել է։