ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհից առաջացած կրակի տարածումը փրկարարները չեզոքացրել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
«Մաքսակետի տարածքում բանվորներից մեկին անհրաժեշտ է եղել բուժօգնություն, որը պատշաճ կերպով կազմակերպվել է: Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են»,- ասաց Մկրտչյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում են, որ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Դեպքի հետևանքով 2 տուժած կա։
Հիշեցնենք, որ Բագրատաշենի անցակետում հրդեհը բռնկվել է հունվարի 3-ին` ժամը 12։40-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալների` պիրատեխնիկա է այրվում։