Սիրիայի նոր իշխանությունն ուզում է վերանայել ուսումնական ծրագրերը

Սիրիայի դրոշը
Իշխանությունները հրահանգել են ամբողջ ուսումնական գրականության մեջ օգտագործել Սիրիայի նոր դրոշի պատկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սիրիայի նոր իշխանությունը ծրագրում է հանձնաժողովներ ձևավորել դպրոցներում ուսումնական ծրագրերը վերանայելու համար, առայժմ միայն ճշգրտումներ են արվել Ղուրանի առանձին հատվածների մեկնաբանության մեջ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում կրթության և լուսավորության նախարար Նազիր Ալ-Քադիրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ալ-Քադիրին հստակեցրել է, որ հրահանգված է ամբողջ ուսումնական գրականության մեջ օգտագործել Սիրիայի նոր դրոշի պատկերը:
Նա հավելել է, որ շտկվել է իսլամական կրթության ծրագրում առկա սխալ տեղեկատվությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: