ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ երիտասարդների վիճաբանությունը վերածվել է դանակահարության։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին։
Ժամը 17։00-ի սահմաններում Աբովյանի բուժկենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, որոնցից մեկը Կոտայքի մարզի բնակիչ է, երկուսը՝ Երևանի։
Կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ՝ 25-ամյա Արման Աբրահամյանը։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Ալբերտ Սայանի, Լևիկ Ստեփանյանի, 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև։
Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից մեկն իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լևիկ Ստեփանյանին։ Դեռևս անհայտ է, թե 25-ամյա Արման Աբրահամյանը ում հարվածից և ինչպես է վնասվածք ստացել։