ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. ՀՀ Լոռու մարզում այսօր դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը տեղեկացնում է, որ ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։
«Վանաձոր» բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Նրանք գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ ոստիկանությանը։
Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանն են։
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանցագործության ենթադրյալ կատարողի ինքնությունը հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։