Բաքուն բողոք է հայտնել Իրանի դեսպանին տեղի ԶԼՄ-ներում Ալիևի հասցեին վիրավորանքների համար

Դիվանագետին փոխանցվել է, որ Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ բողոք է հայտնել Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդեբիլի նահանգում Իրանի բարձրագույն ղեկավարի ներկայացուցիչ, Արդեբիլի ջումա մզկիթի իմամ Սեյիդ Հասան Ամելին, ելույթ ունենալով Թեհրանի «Լրատվական ցանց» հեռուստաընկերությամբ, մի շարք հակաադրբեջանական արտահայտություններ է հնչեցրել։
«Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Հանդիպման ընթացքում իրանական կողմին կոշտ բողոք է ներկայացվել Ադրբեջանի և մեր պետության ղեկավարի հասցեին Սեյիդ Հասան Ամելիի կողմից արված վիրավորական արտահայտությունների կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ, իրանցի դիվանագետին հայտնել են վերջին շրջանում Իրանում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների բացահայտ հրահրման հետ կապված անհանգստությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բաքվում դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունն Իրանում չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, երկու երկրների առջև դրված նպատակներին և խնդիրներին: