Պուտինը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը

Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Տեխնոլոգիական առաջնորդության հասնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը:
Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«ՌԴ կառավարությանը՝ ոլորտում տեխնոլոգիական առաջատարության հասնելու համար ապահովել անօդաչու ավիացիայի բնագավառի արագացված զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական շուկայի ծավալները բնութագրող ցուցանիշներին և անօդաչու ավիացիոն համակարգերի արտադրությանը, ինչպես նաև կադրերի պատրաստման և Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությանը», – ասվում է փաստաթղթում:
Վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը, պատասխանատու է նշանակվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի Զինված ուժերում կձևավորվեն նոր զորատեսակներ՝ անօդաչու համակարգերի զորքեր։