«Փյունիկը» նոր սեփականատեր ունի

Նոր սեփականատերը ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. «Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի, նա Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերն է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է , որ Ֆարբերը երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է:
«Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի»,– նշված է հաղորդագրությունում։
Իսկ Արթուր Սողոմոնյանը, որը 30 տարի եղել է ակումբի սեփականատեր, կմնա ակումբու, որպես խորհրդական։ Նա կաջակցի ակումբի ակադեմիային և կկազմակերպի թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։
Նշենք, որ «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել էր վաճառել ակումբը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ հակասություններ ունենալու պատճառով։