Եմենի մայրաքաղաքում ուժեղ պայթյուններ են որոտացել

Հարձակման է ենթարկվել Սանայի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մի քանի ավիահարվածներ են հասցվել Եմենի մայրաքաղաքի կենտրոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մայրաքաղաքի մարզի իշխանություններում իր աղբյուրին։
Նշվում է, որ Սանայում հարձակման է ենթարկվել երկրի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժման (հութիների) կողմից ստեղծված՝ Ազգային փրկության կառավարության պաշտպանության նախարարության շենքը:
Այսօր ավելի վաղ հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել էր, որ իրենց զինված ուժերը հրթիռային հարձակումներ են ձեռնարկել Թել Ավիվում «Բեն Գուրիոն» օդանավակայանի, Երուսաղեմից հարավ գտնվող էլեկտրակայանի և ամերիկյան ավիակրի վրա:
«Երեք ավիահարվածներ է հասցվել պաշտպանության նախարարության շենքին Սանայի կենտրոնում գտնվող Բաբ ալ-Եմեն շրջանում»,-ասել է աղբյուրը:
Նա հայտնել է, որ Սանայում ուժեղ պայթյուններ են հնչել, ենթադրաբար` իսրայելական ավիացիայի հարվածներից։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժումը հայտարարել էր, որ կաջակցի պաղեստինյան խմբավորումներին Գազայի հատվածում իսրայելական բանակին դիմակայելիս` հրթիռային և օդային հարձակումների միջոցով։
Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին` մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ նրանց: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն դիպչում այլ երկրների նավերին: