Սևանա լճի մակարդակը 2023–ի նույն օրվա համեմատ բարձրացել է 22 սմ–ով

Սևանա լիճ
2024 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 15–ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սմ–ով, այնուհետև մինչև դեկտեմբերի 30–ը իջել 29 սմ–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականի դեկտեմբերի 30–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 22 սմ–ով։ Այս մասին ասուլիսին հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով` դա վերջին 8 տարիներին մակարդակի դրական փոփոխության ամենաբարձր արժեքն է։
«2024 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 15–ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սմ–ով, այնուհետև մինչև դեկտեմբերի 30–ը իջել 29 սմ–ով»,–ասաց նա։
Արփա–Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 29–ը ներառյալ կազմել է 185 մլն խմ, որը 70,96 մլն խմ–ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից, և 2020 թվականից հետո դիտված ամենաբարձր ցուցանիշն է։
2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի ծավալը եղել է վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը։ Լճից ջրի բացթողումը սկսվել է հունիսի 16–ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16–ը ։ Ծավալը կազմել է 131 մլն խմ, որը 97,2 մլն խմ–ով պակաս է 2023 թվականին լճից բաց թողնված ջրի գումարային ծավալից։