ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է ոչ բարեկամական երկրներից սերմերի ներկրման քվոտաների գործողությունը 2025 թվականի կտրվածքով, հայտնել են գործադիրի մամուլի ծառայությունից: Քվոտաների ընդհանուր ծավալը կկազմի 18,3 հազար տոննա։
«Ոչ բարեկամական երկրներից սերմերի առանձին տեսակների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները կգործեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան որոշումը ստորագրվել է։ Սահմանափակումները տարածվում են կարտոֆիլի, ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, սոյայի, ռապսի, արևածաղկի և շաքարի ճակնդեղի սերմերի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ երկրներից սերմերի մատակարարումը հնարավոր կլինի միայն սահմանված քվոտաների շրջանակներում: Քվոտաների ծավալը հաշվարկվում է գյուղատնտեսության նախարարության կողմից՝ հաշվի առնելով ռուսաստանյան գյուղատնտեսական արտադրողների կարիքները, ինչպես նաև ներքին արտադրության, սերմերի ներմուծման և արտահանման հաշվեկշիռը:
Որոշումն ուղղված է աջակցելու տեղական սերմնաբուծությանը և սելեկցիոն աշխատանքների զարգացմանը, ընդգծել են կառավարությունում։