ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հարավային Կորեայի փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ:
Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք` նոյեմբերի 29–ին «Jeju Air» ավիաընկերության «Boeing 737-800» ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, Հարավային Կորեայում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, բախվել արգելապատնեշին և բռնկվել։ Ըստ տեղեկությունների` 2 մարդ է ողջ մնացել։