Իհարկե, ՀՀ ներկայիս իշխանությունները երբեք չեն խոստովանի, որ խաղաղության օրակարգը ձախողել են։ Իսկ եթե ավելի հստակ խոսենք, «փաշինյանական խաղաղության գործընթացը» ենթադրում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանձնում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա չհարձակվելու և հայերին չսպանելու «թղթի վրա խոստման» դիմաց։
Իրավիճակի պարադոքսն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում, որ իրենց համար նվազագույն ծրագիրը հայերի համար գոյության այնպիսի պայմաններ ստեղծելն է, որոնց պարագայում Հայաստանի ֆիզիկական, իրավական և տնտեսական գոյությունը միջնաժամկետ հեռանկարում վտանգի տակ կդրվի։
Մերկապարանոց չլինելու համար պարզապես հիշենք «խաղաղության» պայմանները, որոնք Հայաստանի առջև դնում է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Եվ այսպես, Ադրբեջանի (կարդա՝ Թուրքիան)` խաղաղության հասնելու հիմնական պայմաններն են` Հայաստանի Հանրապետության իրավական հիմքի ապամոնտաժումը, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, երկրորդ պայմանը հայկական բանակի զինաթափումն ու կրճատումն է, այսինքն՝ Հայաստանն անպաշտպան թողնելը, երրորդ կետով Ադրբեջանը Հայաստանի համաձայնությունն է պահանջում թյուրքական տարրի կողմից ՀՀ Սյունիքի մարզի փաստացի բռնազավթմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» անվան ներքո, և Թուրքիայի «դեսերտը» Հայաստանի համաձայնությունն է մեր երկիրը հարյուր հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնելուն՝ բացարձակ տխմար, բայց այնուամենայնիվ թուրքերի կողմից ակտիվորեն առաջ մղվող «արևմտյան Ադրբեջանի» դոկտրինի շրջանակում։
Հիմա միանգամայն տրամաբանական հարց է ծագում․ եթե հայկական կողմը այս կամ այն կերպ համաձայնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պայմաններին, ապա ՀՀ-ն որպես պետություն դադարում է գոյություն ունենալ, կամ էլ ՀՀ-ի գոյությունը զուտ իրավական տեսանկյունից դառնում է ձևական, որը մի քանի տարվա ընթացքում կչեղարկվի։
Իհարկե, զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից հայկական հարցը ընդմիշտ փակելու Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումը հասկանալի է, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հասկանում են, որ հայկական բնիկ ազգային տարրի առկայությունը՝ սեփական պետականությամբ, միշտ էլ դամոկլյան սրի պես կախված է լինելու թուրանյան միասնականությամբ «նոր թուրքական կայսրություն» ստեղծելու Թուրքիայի ծրագրերի գլխին։
Անհասկանալի է Հայաստանի փաշինյանական իշխանությունների՝ այդ ծրագրերին առավելագույնս աջակցելու ձգտումը՝ մշտապես հղում անելով իբր «խաղաղության բանակցություններին», որոնք իրականում գոյություն չունեն։
Նույնիսկ տարածաշրջանային քաղաքականությունից գլուխ չհանող մարդու համար հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ դրանց ներկայիս ձևաչափով և տրամաբանությամբ, անգամ տեսականորեն չեն կարող խաղաղության հաստատման տրամաբանության մեջ ընթանալ։
Եվ «խաղաղություն» բառն այստեղ պարզապես Հայաստանի ապամոնտաժման «ճանապարհային քարտեզի» գեղեցիկ փաթեթավորումն է։
Պետք է հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք կեղծ «խաղաղության բանակցությունների» համատեքստում, ընդամենը հայերի «ձեռքերը ոլորելն է», որի նպատակն է հայ հանրությունից համաձայնություն կորզել ինքնակամ ազգային ինքնասպանության համար՝ հանուն «խաղաղության»։
Եվ այստեղ միանգամայն օրինական հարց է ծագում․ մի՞թե ՀՀ իշխանությունը Հայաստանը գիտակցաբար ոչնչացման է տանում՝ հույս ունենալով փոխարենը «խաղաղություն» ստանալ Հայաստանի բնակչության համար։
Ցավոք, հարցի աբսուրդ ձևակերպումը միանգամայն տեղին է արտացոլում այն իրողությունները, որոնց մեջ Հայաստանն ու հայերին նպատակաուղղված մտցրել են «թավշյա հեղափոխականները»։