ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ:
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցցանցում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ: «Ինտերի» կիսապաշտպանը քվեարկության արդյունքում ստացել է 87 միավոր և 12-րդ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղըզբաղեցրել է «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով հավաքել է 62 միավոր: Երրորդը ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է (24 միավոր):