Դանակահարություն հացկերույթի ժամանակ. կասկածյալը հայտնաբերվել է Վրաստանի սահմանին

Կասկածյալը դանակը նետել է Մարց գետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Մարց գյուղում հացկերույթի ժամանակ 39 և 33-ամյա համագյուղացիները վիճաբանել են, վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, ժամը 21։30-ի սահմաններում։
Ոստիկանությունում ահազանգը ստացվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա մի տղամարդ, որն ասել է` շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել։
«Պարզվել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ժամը 19։00–ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ դանակով է հարվածել»,– ասված է հաղորդագրությունում:
33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը:
Արարատի դպրոցներից մեկի մոտ 13-ամյա դեռահասը դանակահարել է 14-ամյա տղային
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։