Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Վերջնաժամկետի երկարաձգումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը քաղաքացիություն ստանալ ու դիմել ծրագրում ընդգրկվելու համար»․-նշված է որոշման հիմնավորման մեջ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչպես է ընթանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացումը։
«Սառույցը կարծեք թե կոտրվել է, և վերջին ամիսների ընթացքում ունենք դիմելիության ակտիվություն»․-նշել է փոխնախարարը։