ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ուժերը դեկտեմբերի 25-ի հարձակմանն ի պատասխան հարված են հասցրել Պակիստանում գտնվող մի քանի օբյեկտների: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում Է Reuters-ը:
Աֆղանստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են ոչ թե Պակիստանին, այլ «հիպոթետիկ գծից դուրս». այդպես են Աֆղանստանի իշխանություններն անվանում Պակիստանի հետ սահմանը, որը նրանք չեն ճանաչում և վաղուց ի վեր վիճարկում են:
Ավելի վաղ Պակիստանը մի շարք ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանի արևելքում գտնվող Պակտիկա նահանգի ուղղությամբ, որոնց զոհ էր դարձել առնվազն 46 մարդ: Աֆղանստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կանչել է Քաբուլում Պակիստանի առաքելության ղեկավարին՝ Պակիստանի ռազմական ինքնաթիռների ռմբակոծության կապակցությամբ բողոքի պաշտոնական նոտա փոխանցելու համար և դիվանագետին նախազգուշացրել է նման գործողությունների հետևանքների մասին: