ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք մանրամասն քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը:
«Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն կապակցությամբ, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմուտքում՝ Ակտաու քաղաքից ոչ հեռու: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչունների հետ բախումից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ 67 մարդուց ողջ է մնացել 29-ը: ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ողջ մնացածների թվում Ռուսաստանի 9 քաղաքացի կա: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում, ըստ ցուցակների, եղել է 16 ռուսաստանցի։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտաքին միջամտության է ենթարկվել: Նրա խոսքով՝ տուժած ուղևորներն ու ողջ մնացած բորտուղեկցորդները հայտնել են, որ պայթյունի ձայն են լսել Գրոզնիի վրայով թռիչքի ժամանակ:
«Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը դեկտեմբերի 27-ին հայտնել է, որ աղետի օրը իրավիճակը բավական բարդ է եղել. ուկրաինական մարտական ԱԹՍ-ներն այդ ժամանակ ահաբեկչական հարձակումներ էին ձեռնարկում Գրոզնիի և Վլադիկավկազի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այդ կապակցությամբ Գրոզնիի օդանավակայանի տարածքում «Գորգ» ռեժիմ էր սահմանված, որը նախատեսում է նշված տարածքից բոլոր օդանավերի անհապաղ հեռացում: Բացի այդ, նրա խոսքով, Գրոզնիի օդանավակայանի շրջանում խիտ մառախուղ է եղել, 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չի եղել: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, օդանավի հրամանատարը օդանավը Գրոզնիում իջեցնելու երկու անհաջող փորձ է կատարել, նրան առաջարկել են այլ օդանավակայաններ, նա որոշում է կայացրել ուղևորվել Ակտաուի օդանավակայան։