ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության պաշտոնական արդյունքներին՝ նշելով, որ Մոսկվան արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, թե իբր «առաջնային նշաններ» կան, որ Բաքու–Գրոզնի չվերթը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից, սակայն ոչ մի ապացույց չէր ներկայացրել:
«Մենք տեսել ենք այդ հայտարարությունները։ Տվյալ դեպքում ես ուզում եմ հիշեցնել «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի Ղազախստանին և Ադրբեջանին: Այդ պատրաստակամությունը հայտարարվել է, և մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»,-մեկնաբանել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Կրեմլը տեղին չի համարում իրավիճակը նախագահի վարչակազմի անունից մեկնաբանելը:
«Տվյալ դեպքում խնդրում եմ կողմնորոշվել Յադրովի հայտարարություններով»,-նշել է նա:
Ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմուտքում՝ Ակտաու քաղաքից ոչ հեռու: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչունների հետ բախումից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ 67 մարդուց ողջ է մնացել 29-ը: ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ողջ մնացածների թվում Ռուսաստանի 9 քաղաքացի կա: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում, ըստ ցուցակների, եղել է 16 ռուսաստանցի: