Բաքուն կփոփոխի Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր կացության կանոնները

Ադրբեջանական կողմը, ինչպես և արտաքին քաղաքական այլ հարցերում, հավատարիմ կմնա հավասարության և փոխադարձության սկզբունքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում փոփոխություններ նախատեսվում է կատարել առաջիկա օրերին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական կողմիկողմից կիրառվող նոր կանոնները և երկրում (ՌԴ-ում) գտնվելու ժամկետների հետ կապված պահանջների խստացումը դիտարկվում են առաջին հերթին Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում», - ասված է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմը, ինչպես և արտաքին քաղաքական այլ հարցերում, ժամանակավոր կացության և միգրացիոն հարցերի կարգավորման հարցում հավատարիմ կմնա հավասարության և փոխադարձության սկզբունքներին, ընդգծել է Հաջիզադեն:
Հավելենք, որ հունվարի 1-ից Ադրբեջանի քաղաքացիների ժամանակավոր կացությունը Ռուսաստանում մեկ օրացուցային տարում կկազմի ընդամենը 90 օր: Ավելի վաղ ադրբեջանցիները կարող էին ՌԴ – ում գտնվել ոչ ավելի, քան 90 օր յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ տարեկան 180 օր։