«Ազիմուտը» չեղարկել է դեպի Ադրբեջան չվերթերը

Ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել էին չվերթերը դեպի ՌԴ՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ուղևորատար ինքնաթիռի վթարի հետաքննության ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Ադրբեջան չվերթները՝ Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից սլոթերը հետ կանչելու պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
««Ազիմուտ» ավիաընկերությունը հայտնում է Միներալնիե Վոդիից Բաքու և Գյանջա, ինչպես նաև Սոչիից Բաքու չվերթների չեղարկման մասին՝ Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից սլոթերը հետ կանչելու պատճառով՝ կապված Ադրբեջանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների թույլտվությունը հետ կանչելու հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել էին չվերթերը դեպի ՌԴ՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանում՝ Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի հետաքննության ֆոնին: Դրանց թվում են հենց AZAL-ը (չեղյալ է հայտարարել Բաքվից ՌԴ 10 քաղաքներ թռիչքները), ինչպես նաև ղազախական Qazaq Air-ը (Աստանայից Եկատերինբուրգ), իսրայելական El Al-ը (Թել Ավիվից Մոսկվա), Արաբական Flydubai-ը (Դուբայից Սոչի և Մինվոդի):
Embraer 190 ինքնաթիռում, որը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի, եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռն ուղղվել էր դեպի Ակտաու Գրոզնիում վայրէջք կատարելու մի քանի փորձերից հետո: Վթարի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 38 մարդ։